09 08 2023

Ֆրանսիայի մի շարք քաղաքներ այսօր 20 տոննայից ավել սնունդ են ուղարկել` ի աջակցություն ԼՂ ժողովրդի. Վարդան Սարգսյան

Ֆրանսիայի մի շարք քաղաքներ այսօր 20 տոննայից ավել սնունդ են ուղարկել` ի աջակցություն ԼՂ ժողովրդի. Վարդան Սարգսյան

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մեղմման նպատակով բեռնված բեռնատարների թիվը հասավ 22-ի. Ֆրանսիայի մի շարք քաղաքներ այսօր 20 տոննայից ավել սնունդ են ուղարկել` ի աջակցություն ԼՂ ժողովրդի, որ այս օրերին առերեսվում է լրջագույն հումանիտար խնդիրների: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Գնահատելի և ողջունելի է այս քայլը, այն ի ցույց է դնում հստակ գիտակցումը, որ ԼՂ-ում խորացող ճգնաժամի իրական մասշտաբները և հետևանքները առավել քան իրական են, և անհրաժեշտ են գործուն և հասցեական քայլեր` այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` այս խնդրի շուրջ միջազգային գործընկերների կողմից արձագանքը շարունակաբար աճում է, տարբեր խողովակներով պարբերաբար տեղեկություն է փոխանցվում իրավիճակի վերաբերյալ, այս իրադարձությունները լուսաբանվում են առավել համապարփակ և ամբողջական` հասցեական նշելով, թե ով է մեղավոր աս իրավիճակում, փաստացի արձանագրելով, որ Լաչինի միջանցքը փակ է, և հումանիտար հասանելիությունը ԼՂ առկա չէ:

«Իհարկե, միջազգային գործընկերների, հանրության և հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից այս հետաքրքրության աճը կարևոր է, սակայն փաստացի այն բավարար չէ, որ կյանքի ճանապարհը բացվի և հումանիտար բեռը հասնի ԼՂ»,- ասաց նա:

Հարցին` կա որոշակիություն` երբ հնարավոր կլինի հումանիտար բեռը հասցնել ԼՂ, Սարգսյանը պատասխանեց.

«Հետևողական քայլերը շարունակվում են, քննարկումներն ընթացքի մեջ են, հույս ունենք` օր առաջ հնարավոր կլինի դա, սնունդը, դեղորայքը կհասնեն հասցեատերերին և գոնե որևէ կերպ կմեղմեն առկա ճգնաժամը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ